
«Art փսիխոզ» ներկայացումը հստակ ուղերձ ունի հղելու հանդիսատեսին․ որքան էլ ընկերների միջև տարաձայնություններ, վեճեր լինեն, ի վերջո հնարավոր է լեզու գտնել, երկխոսել, հաշտվել։ Սև կոմեդիան ծավալվում է 50 հազար եվրոյով ձեռք բերված Անտրիոսի սպիտակ կտավի շուրջ, այն դառնում է միջոց երեք ընկերների՝ Սերժի, Մարկի ու Իվանի համար՝ մեղադրելու, վիրավորելու, հեգնելու միմյանց, բայց և վերջում հաշտվելու, ընդունելու սեփական սխալները ու դողալու աշխարհում ամենաթանկ հարաբերության՝ ընկերության վրա։ Կտավը ձեռք էր բերել Սերժը, ով այդպես էլ չէր հասկանում, թե ինչու Մարկը իր պես չի հիանում, չի ոգևորվում, չէ՞ որ մեծ գումար է վճարել դրա դիմաց։ Հաշտեցնողի դերում հանդես է գալիս Իվանը, որը թաղված էր խնդիրների մեջ, զբաղվում է գրենական պիտույքների վաճառքով։